ԱռողջությունՀայաստան

Դիակային դոնորություն Հայաստանում. որո՞նք են առաջին քայլերը

Առողջապահության նախարարությունը նախատեսում է դիակային դոնորության հիմքով առաջին փոխպատվաստումները սկսել աչքի եղջերաթաղանթից։ Ըստ պատասխանատուների՝ հենց այս օրգանն է ընտրվել՝ հաշվի առնելով թե՛ ընթացակարգի համեմատաբար պարզ լինելը, և թե՛ այդ ուղղությամբ տարիների վիրահատական փորձը։ Հայաստանի բուժհաստատությունները տեխնիկապես պատրաստ են նման միջամտություններ իրականացնելու, ստեղծված են դոնորների ու ռեցիպիենտների միասնական ռեեստրեր, սակայն գործնականում դիակային դոնորությունից եղջերաթաղանթի փոխպատվաստում առայժմ չի իրականացվել։

Պատճառն այն է, որ այս ամիսների ընթացքում ոչ մի մահացածի հարազատ համաձայնություն չի տվել՝ վերջինիս եղջերաթաղանթը դոնորության նպատակով օգտագործելու։

Դիակային դոնորությունը բժշկական պրակտիկա է, երբ մահացած անձի օրգանները կամ հյուսվածքները՝ համաձայն նրա նախնական կամ հարազատների տրված թույլտվության, օգտագործվում են այլ մարդկանց կյանքի կամ առողջության վերականգնման համար։ Ամբողջ աշխարհում այդ մեթոդով տարեկան հազարավոր կյանքեր են փրկվում։

Հայաստանում երկարամյա աշխատանքից հետո ձևավորվել է համապատասխան օրենսդրական և կազմակերպչական համակարգ, վերապատրաստվել են մասնագետներ, իսկ եղջերաթաղանթի փոխպատվաստման փորձն արդեն ունի ավելի քան հինգ տասնամյակ պատմություն։ Սակայն մինչ օրս բոլոր փոխպատվաստումներն իրականացվել են արտերկրից ներմուծված դոնորական նյութերով՝ հիմնականում Հնդկաստանից և Ռուսաստանից։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշում է, որ այս խնդիրը տեխնիկական չէ, այլ՝ սոցիալական ու հոգեբանական։

Նրա խոսքով՝ եթե քաղաքացիները հասկանան, որ նման որոշումը կարող է փրկել այլ մարդու տեսողությունը կամ նույնիսկ կյանքը, փոխվելու է նաև վերաբերմունքը։

Մասնագետներն էլ նշում են մի շարք պատճառներ, թե ինչու այս պահին համաձայնություններ չեն տրվում։

Նախ հարազատների կողմից՝ մահից հետո նման որոշում կայացնելը համարվում է չափազանց զգայուն քայլ, խնդիրը հաճախ ընկալվում է կրոնական կամ մշակութային տեսանկյունից։

Բժշկական համակարգի նկատմամբ անվստահությունը ևս դեր է խաղում, ինչպես նաև դիակային դոնորության մասին համակողմանի իրազեկում դեռ չկա։

Սեդա Մարտոյան