
Քննարկվում է Երևանում բազմապրոֆիլ բժշկական կենտրոն բացելու հարցը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ այս տարում հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել երեք առողջապահական կենտրոններ․ Բաղրամյանի պոլիկլինիկան, ինչպես նաև Արաբկիրի և Ավանի խոշոր բուժհաստատությունները։ Քաղաքապետի խոսքով՝ ընթացքի մեջ են ևս վեց կենտրոնների հիմնանորոգման աշխատանքները, որոնց թվում է նաև Նորք Մարաշի բժշկական կենտրոնը։ Հարկ է նշել, որ կենտրոնի վերանորոգման մասին քննարրկումները դեռևս մեկնարկել էին 2019 թվականին։
Ավինյանը նշեց նաև, որ շտապօգնության ծառայությունը կհամալրվի յոթ նոր ավտոմեքենայով, իսկ զանգերի կենտրոնի սպասարկումը, Ավինյանի հավաստմամբ, հասցվել է «100 տոկոս արդյունավետության»։ Այնուամենայնիվ, բժիշկներն ու քաղաքացիները շարունակում են մատնանշել առողջապահության համակարգի խնդիրները․ մասնագետների պակասը, սարքավորումների հնացումը և սպասարկման որակը։ Չնայած շտապօգնությունը Երևանում շարունակում է զարգանալ, այնուամենայնիվ մարզերում կատարած մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բժիշկները հաճախ «ուշանում են»։
Ավինյանը տեղեկացրեց, որ անգլիացի գործընկերների հետ քննարկվում է նաև բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի կառուցման հարցը։ Իսկ թե երբ կկարողանանք տեսնել արդեն իսկ կառուցված բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը, դժվար է պատկերացնել, քանի որ նույնիսկ կառույցների վերանորոգումը տարիներ է տևում։