
Հաշմանդամության կեղծ տեղեկանքներ տվող բժիշկները կկորցնեն արտոնագիրը
Բժիշկների կողմից հաշմանդամության վերաբերյալ սխալ եզրակացություններ տալու դեպքերը կարժանանան ավելի խիստ վերահսկողության։ Կառավարության առաջարկած փոփոխությունների համաձայն՝ եթե մեկ տարվա ընթացքում բժիշկը երեք անգամ սխալ տեղեկանք տրամադրի, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը հարցը կուղարկի առողջապահության նախարարություն։
Վերջինս կորոշի՝ սխալները բժշկի անփութության կամ միտումնավոր գործողության հետևանք են, թե տեխնիկական վրիպումներ։ Դրա հիման վրա կորոշվի՝ բժիշկը կշարունակի՞ գործունեությունը, թե՞ կկորցնի արտոնագիրը։
Նույն վերահսկողությունը կտարածվի նաև սոցիալական աշխատողների վրա, ովքեր նպաստների սխալ նշանակման պատճառ են դառնում։ Տեսչական մարմնի կողմից բացահայտված խախտումները կուղարկվեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։
Նշենք, որ 2023 թվականին որոշում է ընդւոնվել, ըստ որի՝ հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի փոխարեն սահմանվում են ֆունկցիոնալության սահմանափակման թեթև, միջին, ծանր և խորը աստիճաններ։