ԻրավականՀայաստան

Արագածոտնում բացահայտվել է ալկոհոլի ապօրինի արտադրության դեպք

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցները բացահայտել են, որ Աշտարակ քաղաքի 43-ամյա բնակիչը զբաղվել է կեղծ օղիների ձեռքբերմամբ և վաճառքով։

Կեղծ ալկոհոլը ձեռք է բերվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23 և 48 տարեկան երկու բնակչից։ Պարզվել է նաև, որ վերջիններս՝ հայր և որդի, տևական ժամանակ Նոր Խարբերդ գյուղի շինություններից մեկում իրականացրել են կեղծ խմիչքների շշալցում և իրացում։

Հունվարի 14-ին Աշտարակի 43-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է իր վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով։

Հետագա միջոցառումների արդյունքում Մասիս քաղաքի Հերացու փողոցում հայտնաբերվել և ձերբակալվել են նաև Նոր Խարբերդ գյուղի երկու բնակիչները։

Քրեական վարույթի շրջանակում Աշտարակի բնակիչ 43-ամյա տղամարդու «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է 114 շիշ տարբեր տեսակի օղի, իսկ նրա բնակության հասցեում՝ ևս 168 շիշ օղի։

Բացի այդ՝ հունվարին զննություն է կատարվել Նոր Խարբերդ գյուղի 10-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող շինությունում, որտեղ հայտնաբերվել են 51 շիշ կոնյակ, 10 լիտր կոնյակ և 10 լիտր օղու սպիրտ, տարբեր տեսակի խմիչքների պիտակներ և ակցիզային դրոշմապիտակներ, ինչպես նաև շշալցման համար նախատեսված սարքեր և շշեր։

Հունվարի 15-ին զննություն է իրականացվել նաև «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում, որտեղ հայտնաբերվել են 194 շիշ կոնյակ և օղի, ինչպես նաև օղու պիտակներ։

Մարինա Գրիգորյան