ԻրավականՀայաստան

Երևանում մեքենայից հայտնաբերվել է կեղծ օղի

Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները ծառայություն իրականացնելիս Եղվարդի խճուղու հասցեներից մեկի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Մազդա» մակնիշի ավտոմեքենա։

Ստուգման ընթացքում ծառայողները մեքենայի սրահում հայտնաբերել են առանց ակցիզային դրոշմապիտակի 6 արկղ օղի՝ ընդհանուր 72 շիշ։

38-ամյա վարորդը հայտնել է, որ ալկոհոլային խմիչքը ձեռք է բերել տելեգրամյան հարթակի միջոցով։

Երևանի բնակիչը ներկայացվել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին, իսկ դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արագածոտնի մարզային վարչությունը բացահայտել էր կեղծ ալկոհոլի ապօրինի շրջանառության հերթական դեպքը. Աշտարակի 43-ամյա բնակիչը զբաղվել էր կեղծ օղու ձեռքբերմամբ և վաճառքով՝ այն ստանալով Նոր Խարբերդ գյուղի հայր և որդի բնակիչներից, որոնք տևական ժամանակ իրականացրել են կեղծ խմիչքների շշալցում և իրացում։

Մարինա Գրիգորյան