Բացահայտվել են վարորդական իրավունքի կեղծ վկայականներով վարելու դեպքեր
Ըստ Արմավիրի մարզի պարեկային ծառայության՝ հունվարի ընթացքում Արմավիր-Երևան ավտոճանապարհին և մարզի մի շարք բնակավայրերում արձանագրվել է վարորդական իրավունքի կեղծ վկայականների օգտագործման մի քանի դեպք։
Մասնավորապես՝ հունվարի 2-ին Արմավիր-Երևան ավտոճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ Արմավիր քաղաքի 26-ամյա բնակիչ վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է։
Նմանատիպ դեպք է արձանագրվել նաև հունվարի 9-ին։ Նույն ճանապարհահատվածում կանգնեցված «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը՝ Նոր Կեսարիա գյուղի 24-ամյա բնակիչը, ներկայացրել է միջազգային վարորդական իրավունքի կեղծ վկայական։ Վարորդը հայտնել է, որ այն ձեռք է բերել «Տելեգրամ» սոցիալական հարթակի միջոցով։
Հունվարի 14-ին Արմավիրի պարեկները Զարթոնք գյուղում կանգնեցրել են առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող «Օպել» մակնիշի մեքենա։ Եղեգնուտ գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը ևս ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական։
Հունվարի 19-ին մարզի պարեկային ծառայությունը արձանագրել է ևս երեք նմանատիպ դեպք։ Այդ վարորդները նույնպես հայտնել են, որ կեղծ վկայականները ձեռք են բերել «Տելեգրամ»-ի միջոցով։
Մեկ այլ դեպքով էլ հունվարի 20-ի գիշերը Արմավիրի պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը՝ Ակնալիճի 28-ամյա բնակիչը, ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։
