ԻրավականՀայաստան

Վարորդական իրավունքից զրկվել է 5.435 անձ. ՆԳՆ ամփոփել է 2025-ը

Հունվարի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարությունում քննարկել է 2025 թվականի գործունեությունը։

Նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վիճակագրական մի շարք տվյալներ։

2025-ին առգրավվել է 768 կիլոգրամ թմրամիջոց, որը 80%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Բացահայտվել է նաև 2.5 տոննա ապօրինի որսած ձուկ:

Ֆինանսական վնասների և հանցագործությունների բացահայտումներ ևս եղել են։ Պետությանը և համայնքին պատճառված նյութական վնասը կազմել է 25 մլրդ դրամ:

Քրեական ոստիկանությունը 2025-ին չի արձանագրել չբացահայտված սպանության դեպքեր, ինչը նախարար Սարգսյանը գնահատել է որպես հանցավորության կանխարգելման կարևոր ցուցանիշ:

Պարեկային ծառայության կողմից բացահայտված հանցագործությունների թիվը աճել է. եթե 2024-ին 11.948 դեպք էր, ապա 2025-ին՝ 14.969: Վարորդական իրավունքից զրկվել է 5.435 անձ, որի գերակշիռ մասը ալկոհոլի օգտագործմամբ մեքենա վարելու պատճառով է եղել:

Ըստ նախարարի՝ պարեկային ծառայության ներդրմամբ պայմանավորված՝ զգալիորեն նվազել է ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը. 2024-ին նվազել է 45-ով, 2025-ին՝ ևս 50-ով:

Վարչական իրավախախտումների ոլորտում նույնպես աճ է գրանցվել՝ 2025-ին պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 1 մլն արձանագրություն, մինչդեռ ՃՈ 3 տարվա միջին տարեկան ցուցանիշը 300.000 էր:

Մարինա Գրիգորյան