ԿրոնՀայաստան

Եպիսկոպոսներ են կանչվել Քննչական կոմիտե

Հայաստանի քննչական կոմիտե են հրավիրվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, ինչպես նաև Տեր Մովսես քահանան։

Փաստաբան Արմինե Ֆանյանի փոխանցմամբ՝ Հովնան և Մակար եպիսկոպոսներն արդեն գտնվում են Քննչական կոմիտեում և կանչվել են մեղադրյալի կարգավիճակով։ Նրա խոսքով՝ վարույթը վերաբերում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայցի հիման վրա կայացված դատական ակտը չկատարելու մեղադրանքին։

Իրավաբանը նշել է, որ հարցաքննությունից հետո հնարավոր է քննարկվի խափանման միջոցների ընտրությունը, սակայն ընդգծել է, որ կալանքը օրենքով նախատեսված չէ, քանի որ գործը վերաբերում է ոչ մեծ ծանրության հանցագործության։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Վերջինս դատարան էր դիմել՝ վիճարկելով այդ որոշումը և պահանջելով վերականգնել իր պաշտոնը։

Դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ժամանակավորապես վերականգնվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Սակայն հետագայում նա կարգալույծ էր հռչակվել։

Հունվարի 29-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ։