Կոկաինի մաքսանենգության դեպք է բացահայտվել
Պետական եկամուտների կոմիտեն, միազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում, տվյալներ է ստացել, որ Հայաստան է ժամանել Նիդերլանդների Թագավորության քաղաքացի Ռ․Դ․-ն, ով հնարավոր է մաքսանենգ եղանակով իր հետ ներմուծել է թմրամիջոցներ։
Պարզվել է, որ քաղաքացին նույն օրը Վիեննա-Երևան չվերթով ժամանել է Հայաստան և հանգրվանել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում։ Նա հայտնաբերվել և հրավիրվել է մաքսային հսկողության գոտի, որտեղ ռենտգենային սկանավորման միջոցով ենթարկվել է անձնական մաքսային զննման։ Արդյունքում նրա որովայնի շրջանում նկատվել են կասկածելի օտար մարմիններ։
Քաղաքացին տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրա մարմնից դուրս է բերվել «կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճ։ Քաղաքացին ձերբակալվել է։
Երևանի հասցեներից մեկում թմրամիջոցների մաքսանենգություն և իրացման կասկածի հիմքով ձերբակալվել է ևս երկու քաղաքացի՝ Ա․Պ․-ն և Ս․Մ․-ն։ Նրանց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ։
