Վանաձորում բացահայտվել է ապօրինի մսամթերքի արտադրության դեպք

Ոստիկանության փոխանցմամբ՝ Վանաձորի Գայի փողոցի բնակիչներից հայր ու որդի իրենց տանը զբաղվել են մսամթերքի ապօրինի արտադրությամբ և իրացմամբ։ Տեղեկության համաձայն՝ որդին նաև իր մոտ թմրամիջոց է պահել։

26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Վարդանանց փողոցում։ Նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և երկու կաթուցիչ։ Երիտասարդը չի հերքել, որ իր 60-ամյա հայրը երկար ժամանակ զբաղվել է մսամթերքի ապխտմամբ և այն իրացրել է Վանաձորի շուկայում։

Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախնական զննությամբ Գայի փողոցում գտնվող տան նկուղում հայտնաբերվել է ապօրինի պատրաստված 159 հատ մսամթերք, ինչպես նաև արտադրության համար նախատեսված հաստոցներ, գործիքներ և հումք։

Փետրվարի 4-ին նույն հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ևս 465 հատ մսամթերք, ապուխտի համար նախատեսված 77 տոպրակ և տարբեր գործիքներ։ Դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է։

Մարինա Գրիգորյան