Մասիսի համայնքի նախկին ղեկավարի եղբայրը կալանավորվեց
Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, մեկ ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա ձերբակալվել է։
Քննչական մարմնի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը (204-րդ հոդվածի 1-ին մաս), փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ և ձևաթղթեր կեղծելը կամ օգտագործելը (457-րդ հոդվածի 2-րդ մաս), առանձնապես խոշոր չափերով խարդախությունը (255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը (296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)։
Գոռ Համբարձումյանը նույն գործով ներգրավված էր նաև 2022 թվականին։ Այդ ժամանակ նա և ևս մեկ անձ մեղադրվում էին պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար։ Նա մոտ մեկ տարի գտնվել էր կալանքի տակ, ապա ազատ էր արձակվել։ Քրեական հետապնդումը դադարեցվել էր հանցակազմի բացակայության հիմքով։

