Հրայր Թովմասյանի մեղադրական դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ

Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարի 12-ից մտել է օրինական ուժի մեջ։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին նրան մեղավոր էր ճանաչել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։

Միաժամանակ դատարանը նրան ազատել էր քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Դատավճռի դեմ ներկայացվել էին վերաքննիչ բողոքներ․ դատախազությունը վիճարկել էր արարքների վերաորակման և վաղեմության կիրառման մասը, իսկ պաշտպանական կողմը պահանջել էր արդարացնել Թովմասյանին։ Սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին որոշել էր բողոքները մերժել և առաջին ատյանի դատավճիռը թողնել անփոփոխ։

Այնուհետև վճռաբեկ բողոքներ էին ներկայացրել ինչպես ՀՀ գլխավոր դատախազը, այնպես էլ մեղադրյալն ու նրա պաշտպանը։

Սակայն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026 թվականի փետրվարի 12-ին մերժել է բողոքները վարույթ ընդունելը, ինչը նշանակում է, որ նույն օրվանից դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։

Մարինա Գրիգորյան