629 միլիոն դրամի բռնագանձում՝ նախկին պաշտոնյաներից

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ պետական շահերի պաշտպանության վարչության հայցը մասնակիորեն բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով։

Վճռի հիման վրա՝ պետությանը պատճառված վնասի հատուցման համար, նախկին պաշտոնյաներից Ա.Հ.-ից, Գ.Մ.-ից և Բ.Ա.-ից կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ 629 միլիոն 610 հազար դրամ:

Պատասխանողների կողմից վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, իսկ Վճռաբեկ դատարանն էլ 2026 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքը։ Արդյունքում՝ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության նախկին պաշտոնյաները, Գ.Մ.-ի հանձնարարությամբ, 2007 և 2008 թվականներին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում անցկացրած ստուգումները կատարել էին ոչ պատշաճ։

Արդյունքում, 2007 թվականի նոյեմբերի 22-ի ստուգման ակտով ընկերությանը առաջադրվել էր ընդամենը 3.605.000 դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, մինչդեռ իրականում այն պետք էր կազմեր 299.342.000 դրամ։

2008 թվականի դեկտեմբերի 30-ի ստուգման ակտով նույն ընկերությանը տրվել էր 6.000.000 դրամի պարտավորություն՝ 330.267.000 դրամի փոխարեն։

Մարինա Գրիգորյան