Մաքսային երեք պաշտոնյա կալանավորվել է․ «Ագարակ» անցակետում բեռը մաքսային հսկողությունից թաքցնելու գործը ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության երեք պաշտոնյա ներգրավված են եղել մաքսային հսկողությունից բեռ թաքցնելու սխեմայում։ Գործով նախաքննությունն ավարտվել է, և նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։

Քննության տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ՊԵԿ մաքսային սպասարկման և հսկողության բաժնի պետը, նրա տեղակալը և նույն բաժնի մաքսային տեսուչը «Ագարակ» անցման կետով Հայաստան մուտք գործող բեռնատարին թույլ են տվել շրջանցել ռենտգեն հսկողությունը և թաքցնել հարկման ենթակա բեռը։ Բաժնի պետի տեղակալի ղեկավարությամբ բեռը հետագայում դուրս է բերվել բեռնատարից, իսկ ապահովման միջոցները կիրառվել են միայն ձևականորեն՝ հետագայում լուսանկարելու համար։

Քննչական մարմնի գնահատմամբ՝ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով բեռը չի ենթարկվել մաքսային հսկողության, և մաքսային վճարները չեն գանձվել՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 11,3 մլն դրամի վնաս։

Մեղադրանքներ են ներկայացվել բաժնի պետին, նրա տեղակալին և մաքսային տեսուչին, ինչպես նաև ընկերության ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Բաժնի պետի և տեղակալի նկատմամբ կիրառվել է կալանք, մաքսային տեսուչի նկատմամբ՝ բացակայելու արգելք, 5 միլիոն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում։
Նախաքննությունն ավարտվել է, և նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: