Փաստաբանը դատավորներին մեղադրում է անարդար որոշումներ կայացնելու մեջ․ ի՞նչ է հայտնի
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Մելքոնյանի և դատավորներ Սիմա Աբովյանի ու Էդգար Հովհաննիսյանի նկատմամբ քրեական պատասխանատվության հարցը մոտ ապագայում քննարկվելու է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա նշում է, որ այս դատավորները կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածում նշված արարքը։ Ըստ հոդվածի՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը պատժվում է նաև ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։
Զոհրաբյանը ընդգծում է, որ Հովհաննես Մելքոնյանը և Սիմա Աբովյանը կարգալույծ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցադիմումները վերադարձնելիս գրեթե նույն տեքստով որոշումներ են կայացրել, ինչը, նրա կարծիքով, վկայում է խմբային շահերով գործելու մասին։
Փաստաբանը նաև նշում է, որ երեք դատավորներն էլ խախտել են ինչպես Սահմանադրությունը, այնպես էլ «ՀՀ և Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքները։
Ըստ Զոհրաբյանի՝ պետությունը, իր գործադիր կամ դատական իշխանության միջոցով, իրավունք չունի ներխուժել եկեղեցու ներքին կյանք՝ հոգևորականին օծելու, կարգալույծ անելու կամ հոգևոր պաշտոն նշանակելու/ազատելու հարցերում։
Հիշեցնենք, որ դատավորներ Սիմա Աբովյանը և Հովհաննես Մելքոնյանը պարտավորեցրել են Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի պաշտոնավարումը հոգևոր հովվի պաշտոնում, իսկ Էդգար Հովհաննիսյանն էլ պարտավորեցրել է եկեղեցուն ապահովել, որ Արման Սարոյանը (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնավարի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

