Դատախազությունը ՊԵԿ-ում և ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած անձից բռնագանձման պահանջ է ներկայացրել

Դատախազությունը ՊԵԿ-ում և ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանից պահանջում է Դավթյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մի շարք գույքեր և դրամական միջոցներ։

Ըստ ներկայացված տվյալների՝ խոսքը վերաբերում է 14 անշարժ գույքի, 6 տրանսպորտային միջոցի և 2 իրավաբանական անձանցում մասնակցության՝ բաժնեմասի։ Բացի այդ, պահանջվում է բռնագանձել բանկերում ներդրված 792 հազար դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար ավանդ, ինչպես նաև 5 միլիոն դրամի չափով չվերադարձված փոխառության պահանջի իրավունք։

Դատախազությունը նաև պահանջում է բռնագանձել 270 միլիոն 151 հազար դրամ՝ որպես ենթադրյալ ապօրինի դրամական միջոցների մնացորդ։ Հայցադիմումում նշվում է նաև 796 միլիոն 825 հազար դրամի մասին, որը, ըստ ներկայացված հիմնավորումների, չի համապատասխանում Դավթյանի օրինական եկամուտներին, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Միհրան Դավթյանը 2000-2019 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ պետական եկամուտների նախարարությունում և ոստիկանությունում։

Գործի քննությունը շարունակվում է Հակակոռուպցիոն դատարանում։