24 տարի անց Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ որոշել է բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը և արտաշիրիմել շուրջ 24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը։
Արտաշիրման անհրաժեշտությունը, ըստ մեղադրող կողմի, առաջացել է դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի՝ մայիսին տված ցուցմունքից հետո։ Վերջինս նշել է հանգամանքներ, որոնք, դատախազության համոզմամբ, կարող են վկայել, որ Պողոսյանը մահացել է ոչ թե անզգուշությամբ, այլ դիտավորությամբ, հնարավոր է՝ մի քանի անձանց միջոցով։
Հիշեցնենք, որ 2002 թվականի փետրվարի 21-ին կայացած դատավճռով՝ երկրորդ նախագահի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել Պողոս Պողոսյանին անզգույշ սպանելու հատկանիշներով։ Դեպքը տեղի էր ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանի «Առագաստ» սրճարանում, ըստ ականատեսների՝ այն բանից հետո, երբ 43-ամյա դաշնակցական տղամարդը փորձել էր ողջունել այնտեղ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հարությունյանը դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման, սակայն իր պատիժը բանտում չէր կրել։
Դատախազությունը ներկայումս ենթադրում է, որ գործը կարող է որակվել որպես ծանրացուցիչ հանգամանքներով դիտավորությամբ սպանություն։ Բացի այդ՝ Նյուտոնի հայտարարությունները ենթադրում են նաև հնարավոր այլ մասնակիցների առկայությունը, որոնք մինչ այժմ գործի մեջ չէին։
