Լիդիան Արմենիան դատական հայց է ներկայացրել Նազելի Վարդանյանի դեմ
Ամուլսարի հանքը շահագործող Լիդիան Արմենիա ընկերությունը դատական հայց է ներկայացրել Ամուլսարի գործով փաստաբան Նազելի Վարդանյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտող հայտարարությունները։
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ հայցը վերաբերում է հունվարի 20-ին լրատվական կայքերից մեկում հրապարակված հարցազրույցին, որի ընթացքում Վարդանյանի հնչեցրած մի շարք պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։
Ընկերությունը պնդում է, որ այդ հայտարարությունները միտված են արատավորելու իր գործարար համբավը և վարկաբեկելու Ամուլսարի ծրագիրը։ Միաժամանակ նշվում է, որ, հաշվի առնելով ծրագրի տնտեսական նշանակությունը Հայաստանի և հարակից համայնքների զարգացման համար, նման պնդումները կարող են վնասել նաև քաղաքացիների շահերին։
Ընկերությունը հիշեցրել է, որ դեռևս 2020 թվականին դատարանը բավարարել էր Նազելի Վարդանյանի դեմ իր կողմից ներկայացված մեկ այլ հայց՝ զրպարտության հերքման պահանջով։ Այդ գործով դատարանը եզրակացրել էր, որ Վարդանյանի հայտարարությունները չեն ունեցել փաստական հիմք, կրել են զրպարտող բնույթ և էական վնաս հասցրել ընկերության գործարար համբավին։
Փաստաբանից նաև 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջվում։

