Արթուր Սարգսյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երեք ամսով երկարաձգել է «Սրբազան պայքար» շարժման աջակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։
Դատարանում ելույթ ունենալով՝ Արթուր Սարգսյանը հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում և այն համարում է քաղաքական հետապնդում։
Պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանում ընդգծել է, որ Սարգսյանը ինչպես «Վարդաշեն» ՔԿՀ-ում, այնպես էլ տնային կալանքի ընթացքում ցուցաբերել է պատշաճ վարքագիծ։ Նրա խոսքով՝ պատգամավորն այս ընթացքում չորս անգամ լքել է բնակության վայրը՝ բուժհաստատություն այցելելու նպատակով՝ նախապես տեղեկացնելով Պրոբացիայի ծառայությանը և սահմանված ժամկետում վերադառնալով տուն։
Պաշտպանը նշել է նաև, որ Սարգսյանը ընտանիքի միակ կերակրողն է և առաջարկել է խափանման միջոցը փոխարինել գրավով կամ կիրառել համակցված այլ սահմանափակումներ՝ բացակայելու արգելք և վարչական հսկողություն։
Դատախազը նշել է, որ թեև խափանման միջոցի իրավաչափության պայմանների հիմքը որոշ չափով նվազել է, սակայն առկա ռիսկերը շարունակում են պահպանվել։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել գործող սահմանափակումները՝ մեղադրյալի պատշաճ վարքագիծը ապահովելու համար։ Որոշմամբ պահպանվել են նաև գործող սահմանափակումները, այդ թվում՝ այլ անձանց չհյուրընկալելու արգելքը՝ բացառությամբ մերձավոր ազգականների և պաշտպանների։
Սարգսյանը կալանավորված է 2025 թվականի հուլիսի 9-ից։ Դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքով, որը դեկտեմբերի 4-ի որոշմամբ երկարաձգվել էր մինչև 2026 թվականի մարտի 8-ը։ Այժմ դատարանը որոշել է այն երկարաձգել ևս երեք ամսով։

