Վալերիյ Օսիպյանից գույք կբռնագանձվի
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը, որը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանին պահանջ է ներկայացրել՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որոնցից 2-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում. անշարժ գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 125 միլիոն 580 հազար դրամ է, 1 շարժական գույք, 48 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 8 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով և համարվում է ապօրինի ծագում ունեցող կամ անհնար է նույնականացնել:
Հիշեցնենք, որ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով. նա պաշտոնատար մի քանի անձի հետ միասին դուրս է եկել իրենց լիազորությունների շրջանակից և բռնությամբ, ապօրինի հատուկ միջոցների կիրառմամբ ցրել նստացույցը՝ ստիպելով հարյուրավոր ցուցարարներին հեռանալ վրաններից։

