Աբովյանում կանգառի մոտ կատարված սպանության գործն ուղարկվել է դատախազին

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Քննությամբ պարզվել է, որ եղբայրներ Ա.Ս.-ն և Բ.Ս.-ն Ս.Զ.-ի հետ ունեցել են թշնամական հարաբերություններ։ Տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքի մոտ գտնվող կանգառի հետնամասում, նրանք նույն օրը գնացել են դեպքի վայր՝ իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով։

Ըստ նախաքննության տվյալների՝ դեպքի վայր հասնելով, նախապես կատարված դերաբաշխման համաձայն, Բ.Ս.-ն մոտեցել է Ս.Զ.-ին և նրա հետ գտնվող Ս.Թ.-ին՝ հակառակ կողմի ուշադրությունն իր վրա գրավելու համար։ Այդ ընթացքում Ա.Ս.-ն գրպանից հանել է դանակը և առնվազն ութ անգամ հարվածել Ս.Զ.-ի կենսական կարևոր օրգանների՝ կրծքավանդակի և որովայնի հատվածին։

Տեսնելով առաջին հարվածը՝ Բ.Ս.-ն բռնել է տուժողի պարանոցից և հետ քաշել՝ չեզոքացնելով նրա դիմադրությունը և հնարավորություն տալով Ա.Ս.-ին շարունակել հարվածները։ Դրանից հետո տուժողը փորձել է խուսափել հարվածներից և վազելով գնացել է կանգառի դիմացի հատված, սակայն Ա.Ս.-ն գնացել է նրա հետևից և ևս չորս անգամ դանակով հարվածել նրան, ինչի հետևանքով Ս.Զ.-ն մահացել է։

Բացի այդ՝ ըստ քննության տվյալների՝ եղբայրները կանգառի հետնամասից հափշտակել են տուժողի մոտից գետնին ընկած ատրճանակը և հինգ փամփուշտ։

Ա.Ս.-ի և Բ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն) և 338-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի հափշտակում)։

Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Մարինա Գրիգորյան