AQUILA TECHNICS-ի տնօրենից գույք կբռնագանձվի

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության կողմից ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարան էր ներկայացրել պահանջ՝ պահեստամասերին մատակարար հանդիսացող ընկերության՝ «AQUILA TECHNICS» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Աշոտի Ավդալյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մի շարք գույքեր և դրամական միջոցներ։

Մասնավորապես՝ 2 անշարժ գույք, որոնցից մեկը գտնվում է Երևանում, մյուսը՝ Արարատի մարզում, 7 շարժական գույք, մասնակցություն 1 իրավաբանական անձում, 151 մլն 484 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 27 մլն 549 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով և ունի ապօրինի ծագում։

Նշվում է, որ վերջին գումարը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Հետաքրքիր է, որ ընկերությունն առաջին անգամ չէ, որ դատական գործընթացով է անցնում։ 2023-ին տնօրենը հանցագործությունը քողարկելու նպատակով՝ փորձել է օրինական տեսք տալ մեկ այլ կեղծ գործարքի։

Արտերկրում ևս ընկերությունը դատարանի առջև է կանգնած եղել։ 2024 թվականին դատարանը բավարարել էր «Aquila Technics»-ի նկատմամբ ներկայացված մեկ այլ հայց։ Ըստ այդ գործի՝ ընկերությունը չէր կատարել ինքնաթիռների շարժիչների մատակարարման պայմանագրով ստանձնած պարտավորությունները։

Ռուսաստանի Տյումենի մարզի արբիտրաժային դատարանը հայաստանյան «Aquila Technics» ընկերությունից հօգուտ «Յուտէյր» ավիաընկերության բռնագանձել էր շուրջ 352 մլն ռուբլի։

2022 թվականին կողմերը կնքել էին մատակարարման պայմանագիր, որի համաձայն «Aquila Technics»-ը պետք է «Յուտէյր»-ին փոխանցեր CFM56-3C1 մոդելի երկու ավիացիոն շարժիչ՝ նախատեսված Boeing և Airbus ինքնաթիռների համար։

Սակայն ընկերությունը պայմանագիրը խախտել էր և շարժիչները չէր մատակարարել։ «Յուտէյր»-ի ներկայացրած նախադատական բողոքը նույնպես անտեսվել էր։

2023 թվականի սեպտեմբերի 27-ին կողմերը ստորագրել էին լրացուցիչ համաձայնագիր, ըստ որի՝ «Aquila Technics»-ը պարտավորվել էր վերադարձնել ամբողջ կանխավճարը։

Այս պարտավորությունները նույնպես չեն կատարվել, ինչից հետո «Յուտէյր»-ը 2023 թվականի հոկտեմբերին դիմել էր դատարան։

Մարինա Գրիգորյան