Բժշկուհին մեղադրվում է օրգանի ապօրինի վաճառքի փորձի գործով
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված լայնածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է օրգանի հնարավոր ապօրինի վաճառքի դեպք։
Քննությամբ հիմնավորվել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժշկուհի Ա․Ս․-ն 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է իր ազգական Գ․Ս․-ին՝ նրա երիկամը ապօրինի վաճառելու մտադրության իրականացմանը։ Վերջինս նախատեսել է իր երիկամներից մեկը վաճառել 40-60 հազար ԱՄՆ դոլարի դիմաց և այդ նպատակով բազմիցս հեռախոսազրույցներ է ունեցել բժշկուհու հետ՝ գնորդ գտնելու շուրջ։
Բժշկուհին, տեղեկանալով, որ Տ․Թ․-ն ունի երիկամի փոխպատվաստման անհրաժեշտություն, նրա տվյալները փոխանցել է Գ․Ս․-ին՝ կողմերի միջև կապ հաստատելու և հնարավոր գործարք կազմակերպելու նպատակով։ Սակայն Գ․Ս․-ն, գնահատելով ռիսկերը և հաշվի առնելով իր առողջական վիճակը, հետագայում հրաժարվել է երիկամը վաճառելու մտադրությունից։ Նշվում է նաև, որ Տ․Թ․-ն տեղեկացված չի եղել, որ իրեն առաջարկվող օրգանի դիմաց պետք է վճարեր գումար։
Դեպքի առթիվ բժշկուհի Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-183-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրգանների ապօրինի շրջանառությանն օժանդակելու մեղադրանքով։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

