ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է դիմել ՌԴ-ին «Մարտի 1»-ի գործի նախկին մեղադրյալների արտահանձնման համար
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ գլխավոր դատախազությունը մտադիր է Ռուսաստանի Դաշնությանը միջնորդություն ուղարկել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և «Մարտի 1»-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի արտահանձնման համար։
Նրա խոսքով՝ նախկին պաշտոնյաները մեղադրվում են 2008 թվականի մարտի 1–ից հետո պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապացույցների կեղծման և գործի քննությունը խեղաթյուրելու մեջ։ Ներկայումս նրանք գտնվում են Ռուսաստանի տարածքում։ Գլխավոր դատախազի խոսքով՝ արտահանձնման հարցը քննարկվում է բազմակողմանի միջազգային պայմանագրերի շրջանակում, սակայն Հայաստանը դեռ չի ստացել ռուսական կողմի համաձայնությունը այդ քաղաքացիների արտահանձնման վեևաբերյալ։
Աննա Վարդապետյանը հավելեց, որ որոշ մեղադրյալների արտահանձնման մերժումը կապված է քաղաքացիության հետ․ ՌԴ-ն իր քաղաքացիներին արտահանձնում չի կատարում։ Նրա խոսքով՝ նման իրավիճակներում նախատեսված է հեռակա դատավարության հնարավորությունը, որը թույլ է տալիս մեղադրյալներին դատել նրանց անկախ գտնվելու վայրից։
Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ է դարձել 2019 թվականի նոյեմբերի 24-ին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, երբ նա չի ներկայացել ՀՔԾ-ին։ Նրա համար խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
