ԻրավականՀայաստան

Քրեական ենթամշակույթով գործող խումբ է բացահայտվել․ մի քանի անձ ձերբակալված է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ մի խումբ անձինք ստեղծել ու ղեկավարել են քրեական ենթամշակույթ կրող միավորում, զբաղվել վեճերի «պարզաբանումով» և պարտքերի գանձմամբ՝ բռնության միջոցով։

Քննչական կոմիտեն պարզել է, որ քրեական ենթամշակույթ կրող մի խումբ ձևավորված է եղել հստակ հիերարխիայով։ Խմբի ղեկավարներից մեկը իր ազդեցությունն օգտագործելով՝ մասնավոր գումարային վեճերը փորձում էր լուծել ոչ օրենքով, այլ «քրեական պարզաբանմամբ»։ Նրա հանձնարարությամբ խումբը պարտքերի վերադարձը կազմակերպել է ճնշման, սպառնալիքների և անգամ բռնության միջոցով։

Նշվում է, որ խումբը միջամտել է մի դեպքի, որտեղ մի անձի նկատմամբ կուտակված էր շուրջ 150 հազար ԱՄՆ դոլարի պարտք։ Խմբի անդամներից մեկը պարտավորվել է այդ վեճը «փակել» հուլիսի 20–25-ը, սակայն չի կատարել խոստումը։ Դրանից հետո ղեկավարն իր իսկ հեղինակությունը պահպանելու նպատակով մեկ այլ անդամի հանձնարարել է ուժ կիրառել նրա նկատմամբ։ Արդյունքում կատարել է բռնություն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Բացահայտվել են նաև այլ դեպքեր։ Խմբի մեկ այլ անդամ միջամտել է գործարարի և Հրազդանի բնակչի միջև եղած 25 մլն դրամի պարտքային հարցին։ Գումարի մի մասը վերադարձվել է, իսկ դրա դիմաց խմբի անդամին տրամադրվել է անօրինական վարձատրություն։ Իսկ մեկ այլ դեպքում պարտքի վերադարձը ապահովելու համար անձը հրավիրել է պարտք ունեցողին իր տուն և երկար ժամանակ բռնություն գործադրել՝ պարտքը մարելու պահանջով։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ մի քանի անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական ենթամշակույթ ձևավորելու, ղեկավարելու կամ մասնակցելու հոդվածներով։ Նրանք ձերբակալվել են, կատարվել են խուզարկություններ 10 հասցեներում։ Նախաքննությունը շարունակվում է։