ԻրավականՀայաստան

Դատարանը որոշեց բլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառել տնային կալանք

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց հանրային դատախազի միջնորդությունը՝ «Սրբազան պայքարի» գործով անցնող բլոգեր Արմեն Ալեքսանյանի կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ՝ նոյեմբերի 26-ից Ալեքսանյանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք և բացակայելու արգելք՝ համակցված վարչական հսկողությամբ։

Դատախազությունը միջնորդել էր կալանքը երկարաձգելու համար՝ պնդելով, որ մեղմ կամ այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող ապահովել Ալեքսանյանի պատշաճ վարքագիծը։ Դատարանը, սակայն, եզրակացրեց, որ ներկայացված հիմնավորումները բավարար չեն կալանքը երկարաձգելու համար։

Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը դատական նիստում նշեց, որ մեղադրական կողմը չի ներկայացրել պարզաբանում, թե ինչ գործողություն կարող էր իրականացնել Ալեքսանյանը, որը կարդարացներ կալանքի երկարաձգումը։ Նրա խոսքով՝ Արմեն Ալեքսանյանի դեմ ներկայացված ապացույցը TikTok-ի այն տեսանյութն է, որում Ալեքսանյանը ձվածեղ է պատրաստում և խոսում «գզգզված մազերով չուչելի» մասնակցությամբ լայֆ իրականացնելու մասին։

Կոչուբաևը ընդգծեց, որ ազատազրկումը ծանր հետևանք է թողնում ոչ միայն մեղադրյալի, այլև նրա ընտանիքի վրա և տնային կալանքի դեպքում նա գոնե կկարողանա ընտանիքի հետ լինել։