Գյումրու անկարգությունների գործով նոր մեղադրանքներ են հարուցվել․ ձերբակալվածները քաղաքապետի ընտանիքի անդամներն են
Գյումրիում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած անկարգությունների գործով ևս չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Մեղադրանք է ներկայացվել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, համայնքապետի տեղակալ, այժմ քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտակատությունները կատարող Արտյոմ Մկրտչյանին և համայնքապետի խորհրդական Կարապետ Ղուկասյանին։ Հարկ է նշել, որ Ավետիս Առաքելյանը Վարդան Ղուկասյանի փեսան է։
Նրանցից երկուսը՝ Արտյոմ Մկրտչյանը և Կարապեռ Ղուկասյանը, արդեն ձերբակալված են։ Ավետիս Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելք։ Սպարտակ Ղուկասյանը կալանքի տակ է մեկ այլ քրեական գործով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ուժայինները մտել էին Գյումրու քաղաքապետարան՝ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու նպատակով։ Ղուկասյանի կողմնակիցները հավաքվել էին շենքի մոտ և փորձել խոչընդոտել նրա բերման ենթարկմանը, ինչի հետևանքով բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և հավաքված քաղաքացիների միջև։
Այդ օրը Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ կաշառք ստանալու կամ տալու դեպքերի քննության շրջանակում ձերբակալվել է ութ անձ։ Բախումների ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 23 քաղաքացի։
Հոկտեմբերի 21-ին Վարդան Ղուկասյանը կալանավորվել է երկու ամսով։
