Մեղրիում բացահայտվել է խոշոր չափերի ապօրինի ծխախոտի ներմուծման դեպք. կասկածյալների թվում զինվորականներ կան
Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննությամբ բացահայտվել է Իրանից Հայաստան անօրինական ճանապարհով խոշոր չափերի ծխախոտ ներմուծելու հանցավոր սխեմա, որում ներգրավված են եղել Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարը, նույն զորամասի մի շարք ծառայողներ և Մեղրիի բնակիչ։
Հաստատված տվյալներով՝ Մեղրի համայնքի բնակիչը, ՊՆ պաշտոնատար անձանց օժանդակությամբ, Իրանից Հայաստան է տեղափոխել առանց ակցիզային դրոշմանիշների ավելի քան 2,6 միլիոն գլանակ տարբեր ապրանքանիշերի ծխախոտ՝ ընդհանուր 74 միլիոն դրամից ավելի հարկային պարտավորությամբ։
Նախաքննությունը պարզել է, որ ՊՆ պաշտոնյաները իրենց ծառայողական և իշխանական լիազորությունները օգտագործել են ի վնաս պետական շահերի․ նրանք հրամանատարության ներքո գտնվող մարտական հենակետի զինծառայողներին հանձնարարել են չխոչընդոտել ապօրինի բեռի տեղափոխմանը, բացի այդ` տրամադրել են զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան՝ ծխախոտը սահմանից այս կողմ բերելու համար։
Ապօրինի բեռը տեղափոխվել է մարտական հենակետի տարածքով։ 2025 թվականի մայիսի 31-ին մեքենան Ագարակում հայտնաբերվել ու կանգնեցվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Գործուն ներգրավված անձինք ձերբակալվել են։
Զորամասի հրամանատարին և մեկ այլ ծառայողի մեղադրանք է առաջադրվել իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելուն օժանդակելու համար։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև Մեղրիի բնակչին ու ՊՆ ևս հինգ ծառայողի։
Որպես խափանման միջոց զորամասի հրամանատարի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ մյուս պաշտոնյայի նկատմամբ՝ տնային կալանք։
Ութ մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտված է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
