Ձկան ապօրինի որսի երկու դեպք
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին ջրային պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի տարբեր հատվածներում արձանագրել են ապօրինի ձկնորսության երկու դեպք։
Ժամը 11:45-ի սահմաններում, ճանապարհի 11-րդ կիլոմետրին, պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Նորատուս գյուղի բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Ստուգման ընթացքում մեքենայի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել են սիգ և իշխան տեսակի ձկներ։ Վարորդն ու մեքենան տարվել են Համայնքային ոստիկանության Գավառի բաժին։
Նույն օրը՝ արդեն ժամը 12:20-ի սահմաններում, նույն ճանապարհի 50-րդ կիլոմետրին ջրային պարեկները մոտեցել են կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային։ Նորատուսցի վարորդը ցույց է տվել բեռնախցիկում գտնվող 46 կգ ընդհանուր քաշով 128 հատ սիգ։ Տղամարդը մեքենայով հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։
Երկու դեպքերով էլ կատարվում է քննություն։
