ԻրավականՀայաստան

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նրա պաշտպան Հակոբ Ենոքյանը հայտնել է, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը։

Ենոքյանի խոսքով՝ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետը լրանալու պատճառով։ Քրեական գործը կարճվել է միայն Խաչատուրովի մասով, մինչդեռ նույն գործով անցնում են նաև նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և այլ անձինք։

Խաչատուրովը 2023 թվականի դեկտեմբերի 2-ին ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել էր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր գույքը օրինականացնելու մեղադրանքով։ Նա ձերբակալվել էր, սակայն դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը, և Խաչատուրովը ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։

Դատախազությունն այնուհետև բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան, պահանջելով վերանայել որոշումը։