ԻրավականՀայաստան

Քաղաքացին կեղծ թղթադրամներով առևտուր է արել

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզում բացահայտվել են դրամանենգության մի քանի դեպքեր։

Ոստիկանությունն առաջին ահազանգը ստացել է դեկտեմբերի 13-ին, որի համաձայն՝ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող դեղատանը վաճառողին տրվել է 50 000 դրամ արժողությամբ կեղծ թղթադրամ։

Պարզվել է, որ նույն օրը մի կին դեղատնից ձեռք է բերել 11800 դրամի ապրանք՝ վճարելով կեղծ 50 000 դրամանոց թղթադրամով, և ստացել է 38 200 դրամ մանրը։ Հետաքննությամբ պարզվել է նաև, որ նա նույն օրը կեղծ թղթադրամով առևտուր է արել Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող մեկ այլ դեղատնում՝ այս անգամ ևս վճարելով 50 000 դրամ անվանական արժողությամբ կեղծ թղթադրամով և ստանալով 32 000 դրամ մանրը։

Դեկտեմբերի 15-ին Աբովյան քաղաքի 37-ամյա բնակիչը հայտնաբերվել և ներկայացվել է Մարտունու բաժին։ Ոստիկանությունը պարզել է նաև, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի երկու դեղատներում ևս անձը վճարել է կեղծ թղթադրամներով։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 37-ամյա կինը ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Մարինա Գրիգորյան