ԻրավականՀայաստան

46 մլն դրամ չվճարված հարկ. ՊԵԿ-ի բացահայտումները

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է վարչապետի կողմից նշված հարկ վճարողի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հարկային վարչարարության արդյունքները։

Դեկտեմբերի 18-ի Կառավարության նիստում վարչապետը պատմել էր, որ իր աշխատակազմից փորձել են գնումներ կատարել խանութներից մեկում, որտեղ աշխատակիցն ասել է՝ «եթե կանխիկով կտաք, գինը այլ է, եթե քարտով՝ այլ»։ Վարչապետը հորդորել էր փակել խանութը, մինչև իր անձնական թույլտվությունը չլինի։

Պարզվել է, որ «Ն․ Ս․» ընկերությունում ստվերային շրջանառությունից չի հաշվարկվել և չի վճարվել 95,7 մլն դրամի հարկ:

Բացի այդ՝ ընկերությունը փորձ է կատարել մաքսանենգ ճանապարհով ներմուծել 97 բջջային հեռախոս՝ ընդհանուր արժեքով 6,9 մլն դրամ, ինչը կանխվել է։ Գործունեության մի մասն ընկերությունն իրականացնում է այլ հարկ վճարողի անվամբ՝ հարկային բարենպաստ պայմաններից օգտվելու նպատակով, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 64,5 մլն դրամի վնաս:

Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել է 90 հատ Apple iPhone 16 մոդելի բջջային հեռախոս. չվճարված հարկերի ընդհանուր չափը կազմել է 46,1 մլն դրամ:

Միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ ընկերությունը շարունակում է իր տնտեսական գործունեությունը թերհայտարարագրել, իսկ օպերատիվ-հետախուզական միջոցառումները ընթացքի մեջ են:

Ընկերությունում 2019 թվականից մինչ օրս իրականացվել է 23 թեմատիկ ստուգում՝ 5,8 մլն դրամի տուգանքով, որոնցից 4,2 մլն-ը կազմվել է 2025 թվականին: Կատարվել են համալիր ստուգումներ՝ մեկը ավարտված՝ 250 հազար դրամ տուգանքով, մյուսը ընթացքի մեջ է:

Մարինա Գրիգորյան