ԻրավականՀայաստան

Սամվել Մայրապետյանի ընտանիքի անդամների վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Դեկտեմբերի 26-ին դատախազությունը դատարան է հանձնել Գիտությունների ազգային ակադեմիայի «Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Խաչատուր Մայրապետյանի և մեկ այլ անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Նախաքննության տվյալներով, 2013-2019 թվականների ընթացքում Խաչատուր Մայրապետյանը երեք ընկերությունների հետ կնքել է պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրեր, որոնց հիման վրա նրան վստահվել է ընդհանուր 35 հազար 700 լիտր բենզին՝ 14 միլիոն 676 հազար դրամ արժեքով։ Սակայն Ինստիտուտի ընթացիկ գործունեության համար նախատեսված բենզինը իրականում այդ նպատակին չի ծառայել։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ աշխատակիցները գիտական հանդիպումներին և գործուղումներին իրենց միջոցներով են տեղաշարժվել, իսկ Խաչատուր Մայրապետյանը և նրա օգնականները այդ վառելիքը դուրս են գրել անձնական կամ անորոշ նպատակներով, ինչի արդյունքում պետությանը հսկայական ֆինանսական վնաս է պատճառվել։

Դատախազությունը նաև հայցադիմում է ներկայացրել դատարան՝ Ինստիտուտի Դիլիջանի փորձակայանի նախկին մասնավորեցումը անվավեր ճանաչելու համար։ Ըստ ուսումնասիրության՝ Խաչատուր Մայրապետյանի եղբայրը՝ Սամվել Մայրապետյանը, 2003-ին ապօրինի կերպով սեփականություն է ձեռք բերել Դիլիջանի Պարզ լճի տարածքում գտնվող հողամասերի և շինությունների վրա, այնուհետև դրանք փոխանցել է որդուն՝ խախտելով մրցութային կարգը։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2004 և 2008 թվականներին նույն գույքը մի քանի անգամ վաճառվել է տարբեր անձանց։ Այժմ դատախազությունը պահանջում է նախկին օտարումների իրավունքը անվավեր ճանաչել և վերացնել սեփականության գրանցումը Սամվել և Խարատուր Մայրապետյանների անունով։