ԻրավականՀայաստան

Վաղարշապատում ընտրակաշառքի գործով ձերբակալվել է 10 անձ, ներկայացվել են կալանքի միջնորդություններ

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով անցկացված ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրակաշառքի դեպքերի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը։ Այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիշերը ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Ձերբակալվել է նաև կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ Քոչարյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ՝ քրեական վարույթը նախաձեռնվել է «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու, ինչպես նաև նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ։

Կոմիտեից հայտնում են, որ ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Միաժամանակ մյուս ձերբակալվածների նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։