
Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքայինների արձակուրդի ժամկետը երկարացնել
Պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների հիմնական արձակուրդի տևողությունը կարող են երկարացնել։ Կառավարության առաջարկը հրապարակվել է e-draft հարթակում։
Գործող օրենքի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիմնական արձակուրդ տրվում է 10 օրացուցային օր, իսկ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` 15 օր։ Այդ ժամկետների մեջ են մտնում նաև արձակուրդի անցկացման վայր մեկնելու ու վերադառնալու ժամանակը։ Նոր առաջարկով շարքային կազմի պարտադիր զինծառայողներին կտրամադրվի 21 օր, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով։
Արձակուրդները տրամադրվելու են երեք հավասար մասերով։ 12-ամսյա պարտադիր զինծառայություն անցնող զինծառայողներին էլ նախատեսվում է տրամադրել միանվագ 10 օր արձակուրդ՝ ծառայության հինգերորդ ամսից հետո:
Առաջարկի մեջ նշվում է, որ այն ուղղված է զինվորական ծառայության գրավչության, բարոյահոգեբանական մեխանիզմների բարձրացմանը։