ՀայաստանՌազմական

Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատախազությունը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն դատարանը մեղմել է պատժաչափը։ Ջալալ Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Նա մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի՝ ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հետևանքով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել, 7-ը՝ վիրավորվել, զորամասն էլ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։ Ջալալ Հարությունյանը, ըստ իրավապահների, սխալ հրաման է տվել։ Նա հայկական համազգեստով ադրբեջանցիներին յուրայինների տեղ է դրել, ինչի արդյունքում հայկական բանակը այդ տարածքում մեծ կորուստներ է ունեցել՝ հայտնվելով շրջափակման մեջ։ Արցախի «Ցորի» զորամասի զինվորների գործով մեղադրյալ է նաև հրետանային դիվիզիոնի պետը։

44-օրյա պատերազմի գործերով մեղադրվում են նաև Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը։ Վերջինս պատերազմի ժամանակ փոխարինել էր Ջալալ Հարությունյանին