Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը 10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 10 միլիոն դրամ գրավի և երկրից չբացակայելու արգելքի դիմաց Ազգային հերոս, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին ազատ արձակեց։
Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։ Քննչական կոմիտեն հաղորդագրության մեջ գրել էր, որ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում վերջինիս գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը։
Դրա արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը։ Մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները։ Տիրան Խաչատրյանը չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն է` ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն։
Գեներալը ձերբակալվել, ապա կալանավորվել էր նաև 2024 թվականի սկզբին՝ ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի գործով։ Ծեծկռտուքի ժամանակ Խաչատրյանը կրակել է զենքից՝ պատահաբար վիրավորելով ռեստորանի այցելուներից մեկին, որը կապ չուներ վիճաբանության հետ։ Նա գրավի դիմաց ազատ էր արձակվել 2024 թվականի մարտին։
Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալը հունվարին կրկին կալանավորվել էր։ Նա կալանքը կրել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
