
Զինված ուժերում երդման արարողությունները հետաձգվել են, արձակուրդները՝ արգելվել
Հայաստանի Զինված ուժերում նորակոչիկների երդման արարողությունները հետաձգվել են եղանակային անբարենպաստ պայմանների, ինչպես նաև սուր շնչառական վարակների տարածումը կանխելու նպատակով։ Սրա մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը։
Երդման արարողություններից բացի՝ ժամկետային զինծառայողներին տեսակցությունները սահմանափակվել են, իսկ ազատ արձակումներն ու արձակուրդները՝ ժամանակավորապես արգելվել։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերջերս անդրադարձել էր սուր շնչառական վարակների տարածվածությանը։ Նա նշել էր, որ լարվածություն կա, սակայն բռնկման փուլում չէ։ Նա հավելել էր, որ դպրոցներում դասերը ժամանակավորապես դադարեցնելու կարիք այս պահին չկա։