
Հայաստանը ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա
Մարտի 20-ին կայացած կառավարության նիստում որոշվել է կցորդ ուղարկել Միավորված ազգերի կազմակերպություն՝ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման նպատակով։
Նախագծի համաձայն՝ կցորդը կկարողանա ներկայացնել Հայաստանի ռազմական և ռազմաքաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համատեքստում երկրի մոտեցումները։
Կցորդի հիմնական առաքելությունը կլինի ՄԱԿ Քարտուղարության խաղաղության գործողությունների վարչության (DPO) հետ համագործակցության խորացումը, ինչը կնպաստի ՀՀ խաղաղապահ ուժերի կարողությունների զարգացմանն ու ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին երկրի մասնակցության ընդլայնմանը։
Ըստ որոշման հիմնավորման՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին մասնակցելը դրական ազդեցություն է ունեցել մեր երկրի վարկանիշի վրա և բարձր է գնահատվել միջազգային գործընկերների կողմից:
Մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին կարևոր ներդրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությանը, որի համատեքստում հայ խաղաղապահները տարբեր ժամանակներում տեղակայված են եղել Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերի և Մալիում Բազմազգ միացյալ կայունացման առաքելության կազմերում, — նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նախագիծը մշակել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին հաստատվել էր Եվրոպական միությունում, ինչպես նաև Բելգիայում պաշտպանության հարցերով կցորդ ունենալու որոշումը։ Բացի այդ՝ ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ՝ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությանը կից գործում է ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ: