
Սահմանի հայկական կողմում դիտորդները ավելացել են
Հայաստանում Եվրամիության առաքելությունը X-ի իր էջում համառոտ ներկայացրել է իրենց աշխատանքը սահմանին: Նրանք նշել են, որ մարտից սկսած Եվրամիության առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկների թիվը։ Ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝ գիշերային պարեկությունն ուժեղացնելու հիմնական նպատակը հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելն է։
Հիշեցնենք, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ադրբեջանի համարյա ամեն օր, երբեմն էլ օրվա մեջ մի քանի անգամ ախատեղեկատվություն է տարածում այն մասին, որ հայկական ուժերը կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը հայտարարում է, Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ հերքում։
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ Հայաստանը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կշարունակի գործունեությունը Հայաստանի սահմանային գոտիներում մինչև հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։