ՀայաստանՌազմական

Հայ-իրանական զինված ուժերի առաջին զորավարժություններն ավարտվեցին․ ի՞նչ է ասում հարևանը

Հայաստանի ու Իրանի միջև տևական ժամանակահատվածում առաջին անգամ զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները ավարտվեցին։ Զորավարժությունը ենթադրում էր Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:

Չնայած այն փաստին, որ հայկական կողմը չի նշել, թե ինչ զինատեսակներ են օգտագործվելու զորավարժությունների ընթացքում, ըստ իրանական IRNA լրատվամիջոցի՝ զորավարժությունների ծրագիրը ներառում էր թեթև և ծանր զինատեսակների կիրառում, հատուկ նշանակության ջոկատների դիպուկահարների կրակ, ինչպես նաև կրակահերթերի աջակցում ու ոչնչացման գործողություններ։

Նշենք նաև, որ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումը զորավարժությունն անցկացրել է Հայաստանի տարածքում, իրանական ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում։

Իրան-Հայաստան զորավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է և ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը, հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետի տեղակալ Վալիոլլահ Մանին։

Զորավարժությունների արդյունքների մասին Հայաստանի Զինված ուժերը դեռևս տեղեկատվություն չի հրապարակել։