ՀայաստանՌազմական

ՀՀ Զինված ուժերում կստեղծվեն նոր սերժանտական պաշտոններ

ՀՀ զինված ուժերում նախատեսվում է սահմանել Գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի սերժանտի և շտաբի սերժանտի պաշտոններ։ Համապատասխան օրենսդրական նախագիծը ներկայացվել է ապրիլի 18-ին՝ Ազգային ժողովի նիստի ընթացքում։ Նախաձեռնությունն ուղղված է ԶՈՒ-ում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացմանը։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ սահմանվում են նշված պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ մինչև նախագծի երկրորդ ընթերցումը նախատեսվում է քննարկում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ԳՇ պետի տեղակալի մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում կներկայացվեն սերժանտական ինստիտուտի ներդրման բոլոր մանրամասները։ Խմբակցությունը մինչ այդ փուլը ձեռնպահ կքվեարկի։