
44-օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27-ից հետո
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկից հետո՝ սեպտեմբերի 27-ին հաջորդող լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը։
Քոչարյանի խոսքով՝ փաստաթուղթը պատրաստ է դեռ 2023-ի սեպտեմբերից, սակայն դրա հրապարակումը հետաձգվել է մի շարք պատճառներով։ Նա ընդգծել է, որ ավելի կարևոր է ոչ թե հրապարակման ժամկետը, այլ փաստաթղթից բխող եզրակացությունները։
Պատգամավորն արձագանքել է ընդդիմության հայտարարություններին, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հնչեցրած մտահոգությանը, թե իշխանությունը խուսափում է զեկույցի հրապարակումից։ Քոչարյանը շեշտել է, որ ընդդիմությունն ունեցել է մասնակցելու հնարավորություն, սակայն ընտրել է բոյկոտի ճանապարհը։
Նրա փոխանցմամբ՝ զեկույցը ծավալուն է՝ մի քանի հարյուր էջով, և ներառում է տասնյակ պաշտոնյաների հարցազրույցներ, հազարավոր փաստաթղթեր, ինչպես նաև պատերազմին մասնակցած անձանց ու զոհվածների հարազատների կողմից ներկայացված նյութեր։
Քոչարյանը հայտնել է, որ զեկույցի զգալի հատվածը գաղտնի կլինի, և քննարկումը, հավանաբար, կկայանա փակ նիստում։ Փաստաթուղթը հասանելի կդառնա պատկան մարմիններին ու պետական ինստիտուտներին՝ համապատասխան եզրակացություններ անելու համար։
Հանձնաժողովը ձևավորվել է 2022 թվականին՝ հետաքննելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել աշխատանքներին՝ հարցականի տակ դնելով հանձնաժողովի անաչառությունը։