
Առաջարկվում է բարձրացնել զինվորականի աշխատավարձը առանց ատեստավորման․ զինծառայողների 57 տոկոսն է կարողացել անցնել շեմը
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը առաջարկել է վերանայել զինվորականների վարձատրման մեխանիզմը՝ առաջարկելով աշխատավարձերի բարձրացումը չկապել ատեստավորման արդյունքների հետ։
Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Մանուկյանը նշել է, որ ատեստավորման ընթացակարգը մի շարք խնդիրների պատճառ է դարձել՝ հատկապես այն զինծառայողների համար, ովքեր տարիներ շարունակ ծառայել են բարդ պայմաններում և կուտակել արժեքավոր փորձ։ Նրա խոսքով՝ նման փորձառու մասնագետները չպետք է ենթարկվեն ատեստավորման։
Պատգամավորը օրինակ է բերել վերջին օրերին ունեցած զրույցը «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից մի զինծառայողի հետ։ Մանուկյանի խոսքով՝ տվյալ զինծառայողը եղել է գրագետ և պատրաստված հրետանավոր, սակայն սրտաբանական խնդրի պատճառով չի կարողացել հանձնել ֆիզիկական պատրաստվածության ատեստավորումը։ Արդյունքում նա ստանում է նվազագույն աշխատավարձ։ Մանուկյանը նման մոտեցումը համարում է անարդար և պահանջում է փոփոխություն։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, որն էլ ներկա էր նիստին, հակադարձեց, որ ատեստավորումը կարևոր գործիք է՝ զինծառայողների մոտիվացիան և պատրաստվածությունը խթանելու համար։ Նրա խոսքով՝ այդ ընթացակարգը նպատակ ունի ապահովել զինվորական ծառայության որակական բարձր մակարդակ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտնած տվյալների համաձայն՝ 2024 թվականին 13․500 զինծառայող է հանձնել ատեստավորում։ Նրանց աշխատավարձը դարձել է 470․000 դրամ։ Նախկինում այն 205․000 դրամ էր։ Ատեստավորում հանձնած զինծառայողների միայն 57 տոկոսը կամ մոտավորապես 7․700 զինծառայող է կարողացել դրական գնահատական ստանալ։ Պապիկյանը ներկայացրեց նաև մատչելի բնակարան պետական ծրագրի արդյունքները․ 2024-ին հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվել է 500 զինծառայող, որոնցից 233-ն արդեն կնքել են վարկային պայմանագիր, 53-ն էլ ձեռք են բերել բնակարան։