
Նոր պատերազմ արևելքում․ Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
Հնդկաստանի զինված ուժերը հայտարարել են «Սինդուր» գործողության մեկնարկի մասին՝ որպես պատասխան ապրիլի 22-ին Պահալգամ քաղաքում իրականացված ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել էին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի։ Գործողության հիմնական թիրախը, ըստ Նյու Դելիի, Պակիստանում տեղակայված ահաբեկչական ենթակառուցվածքներն են, որոնք կապված են «Լաշքար-է-Թայբա» խմբավորման հետ։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել Պակիստանի տարածքում գտնվող 9 օբյեկտի, սակայն նշվում է, որ դրանք չեն պատկանել պակիստանյան բանակին։
Ի պատասխան՝ Պակիստանը հարվածներ է հասցրել Հնդկաստանի մի շարք դիրքերին՝ նշելով, որ Հնդկաստանից տարածքը ռմբակոծվել է առանց որևէ նախազգուշացման։ Երկու կողմերն էլ հաղորդում են զոհերի ու վիրավորների մասին։ Պակիստանը հայտնում է 26 զոհված խաղաղ բնակչի, ինչպես նաև 46 վիրավորի մասին։ Հնդկաստանն իր հերթին հայտնում է 7 խաղաղ բնակչի զոհվելու մասին՝ Քաշմիրում պակիստանյան զորքերի կողմից իրականացված հրետակոծությունների հետևանքով։
Պակիստանը հայտարարել է նաև հնդկական հինգ կործանիչի խոցման մասին, ինչը պաշտոնապես չի հաստատվել Հնդկաստանի կողմից։ Հնդկական աղբյուրների հաղորդմամբ՝ գործողության արդյունքում չեզոքացվել է առնվազն 17 ահաբեկիչ, իսկ ավելի քան 55-ը՝ վիրավորվել։
Նյու Դելին «Սինդուր» գործողության մեկնարկի մասին նախապես տեղեկացրել է մի շարք միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային։
Տարածաշրջանում լարվածությունը կտրուկ աճել է։ Պակիստանը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը 48 ժամով և պատրաստակամություն է հայտնել դադարեցնելու ռազմական գործողությունները, սակայն միայն այն պայմանով, եթե Հնդկաստանը դադարեցնի հարձակումները։
Սահմանին փոխհրաձգությունները շարունակվում են, և կողմերը մեղադրում են միմյանց հրադադարի խախտման, ինչպես նաև քաղաքացիական կորուստների համար։