
Ջալալ Հարությունյանը հրաժարվել է իր պաշտպաններից՝ վստահության պակասի հիմքով
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հրաժարվել է իր երկու պաշտպաններից՝ Արսեն Սարդարյանից և Անդրանիկ Մնացականյանից՝ վստահության պակասի պատճառով։ Այս մասին հայտնի դարձավ մայիսի 16-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանում կայացած նիստի ընթացքում։
Հարությունյանն իր հայտարարության մեջ նշեց, որ առաջին ատյանի դատավարության ժամանակ պաշտպանները համոզել են իրեն հրաժարվել մի շարք միջոցառումներից՝ նշելով, թե ռազմական փորձաքննությունն արդեն բավարար է։ Նրա խոսքով՝ այդ վստահության հետևանքով ինքը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։
Սակայն դատախազ Դավիթ Նավասարդյանը վերապահումով է մոտեցել պաշտպաններից հրաժարվելու փաստին՝ ենթադրելով, որ դա կարող է ծառայել դատավարությունը ձգձգելու նպատակին։
Նիստի ընթացքում Հարությունյանը նաև քննադատեց գործով դատախազի անաչառությունը՝ նշելով, որ վերջինս ուշադրություն չի դարձնում որոշ կարևոր վկայությունների վրա։ Դատարանը պարզաբանեց, որ անհրաժեշտ է ներկայացնել գրավոր միջնորդություն՝ դատախազին բացարկ տալու համար։
Դատարանը, սակայն, հաստատեց, որ պաշտպաններից հրաժարվելը մեղադրյալի օրինական իրավունքն է։ Ջալալ Հարությունյանին երկու շաբաթ ժամանակ է տրամադրվել նոր փաստաբան ներգրավելու համար։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը այս տարվա հունվարին Ջալալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։ Ըստ գործի նյութերի՝ «Դ20 դիվիզիոնի» վրա հակառակորդի հարձակման ժամանակ նա սխալմամբ տեղեկացրել է, թե մոտեցող ուժերը «յուրայիններ» են։ Հետևանքով սպանվել է 20 զինծառայող, 7-ը՝ վիրավորվել, իսկ փոխգնդապետ Նորայր Հայրապետյանը համարվում է անհետ կորած։