
Նոր փոփոխություններ զինծառայողների արձակուրդի կարգավորումներում. ի՞նչ առաջարկներ են արվել
ՀՀ կառավարության մայիսի 29-ի նիստում Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել զինծառայողների արձակուրդի տրամադրման նոր առաջարկներով: Ինչպես նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, առաջարկվում է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներին 24 ամսվա մեջ տրամադրել 30 օր արձակուրդ, իսկ ոչ մարտական հերթապահություն իրականացնողներին՝ 21 օր: Գործող օրենսդրությամբ շարքային կազմը 10 օրով է արձակուրդ գնում, սերժանտական կազմը՝ 15 օրով 24 ամսվա ընթացքում:
Բացի այդ, նախատեսվում է սահմանել լրացուցիչ արձակուրդ զինվորական երդման արարողության կապակցությամբ՝ 2 օր տևողությամբ:
Փաշինյանն ընդգծել է, որ բոլոր ժամկետային զինծառայողները պարտադիր կերպով պետք է ստանան արձակուրդ ամեն վեց ամիսը մեկ անգամ: Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները կստանան 10 օր արձակուրդ, իսկ մնացածը՝ 7 օր:
Սակայն նա ավելացրել է, որ արձակուրդ գնալու մյուս հնարավորությունները բարդացվելու են, հարցը գնալու է Գլխավոր շտաբ, որպեսզի արձակուրդ գնալու պատճառաբանությունը հիմնավորվի:
Փոփոխությունների փաթեթում ընդգրկված է նաև սպայական կազմի բնակարանային ապահովման նոր ծրագիրը: Մասնավորապես, առաջարկվում է գործող ծառայողական բնակարանի տրամադրման համակարգը փոխարինել հիփոթեքային վարկավորմամբ՝ հնարավորություն տալով սպաներին սեփականության իրավունքով ձեռք բերել բնակարան պետական միջոցների հաշվին: