ՀայաստանՌազմական

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան կխորացնեն պաշտպանական համագործակցությունը

Հայաստան-Մեծ Բրիտանիա պաշտպանական համագործակցությունն ամրապնդվում է նոր փաստաթղթով։ Մայիսի 29-ին Երևանում կայացած խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է 2025-2026 թթ. նախատեսված համատեղ ծրագիր։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Խորհրդակցությունների ավարտին Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Լևոն Այվազյանն ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության պաշտոնյա Քրիստոֆեր Քին ստորագրել են երկկողմ համագործակցության նոր ծրագիրը, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համատեղ աշխատանքն իրենց հետաքրքրող ոլորտներում։

Պաշտպանական խորհրդակցություններին մասնակցել են երկու երկրների ռազմական ու քաղաքական ներկայացուցիչները։ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը ներկայացրել է բանակի վերափոխման ընթացքը՝ նշելով առաջնահերթ ուղղությունները։

Մասնակիցները քննարկել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև պաշտպանական ոլորտում գործակցության հնարավորությունները։