
Վերաքննիչ քրեական դատարանը Ջալալ Հարությունյանի պատիժը նույնը թողեց
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը կկրի 5 տարի 6 ամսվա ազատազրկում։ Վերաքննիչ քրեական դատարանը նույնն է թողել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը՝ չբավարարելով Հարությունյանի բողոքը։ Վերջինս չի ընդունում իր մեղքը։
Նա մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի՝ ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հետևանքով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել, 7-ը՝ վիրավորվել, զորամասն էլ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։ Ջալալ Հարությունյանը, ըստ իրավապահների, սխալ հրաման է տվել։ Նա հայկական համազգեստով ադրբեջանցիներին յուրայինների տեղ է դրել, ինչի արդյունքում հայկական բանակը այդ տարածքում մեծ կորուստներ է ունեցել՝ հայտնվելով շրջափակման մեջ։ Արցախի «Ցորի» զորամասի զինվորների գործով մեղադրյալ է նաև հրետանային դիվիզիոնի պետը։
Վճռի հրապարակման պահին դատարանի դահլիճում ներկա գտնվող զոհվածների ծնողները ծափահարություններով արձագանքել են որոշմանը։
Ավելի վաղ հանրային մեղադրողը պահանջել էր 6 տարվա, իսկ տուժողների ներկայացուցիչները՝ 8 տարվա ազատազրկում։ Առաջին ատյանի դատարանը վճիռը կայացրել էր 2025 թվականի հունվարին։