ՀայաստանՌազմական

Ժամկետային զինծառայողների արձակուրդը կավելանա, ռազմական բուհերի շրջանավարտներն էլ կկարողանան տուն ձեռք բերել

Հայաստանի զինված ուժերում սպասվում են կարևոր փոփոխություններ։ Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի այն փոփոխությունները, ըստ որի՝ ժամկետային զինծառայողների արձակուրդը կավելանա, ռազմական բուհերի շրջանավարտներն էլ կկարողանան տուն ձեռք բերել։ Նախագիծը ընդունվել 62 կողմ, 0 դեմ և 25 ձեռնպահ ձայներով։

Եթե մինչ այժմ շարքայինները ստանում էին 10, իսկ սերժանտները՝ 15 օր արձակուրդ, ապա նոր փոփոխությամբ՝ մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողները կստանան 30 օր, մյուսները՝ 21 օր ժամկետով։ Բացի այդ, սահմանվում է նաև 2 օր ժամկետով նոր արձակուրդ զինվորական երդման կապակցությամբ։

Փոփոխությունները վերաբերում են նաև ապագա սպայական կազմին։ Ռազմական բուհ ավարտած և լեյտենանտի կոչում ստացած անձինք կստանան բնակարանի գնման վկայական՝ Երևանի 3 սենյականոց բնակարանի միջին շուկայական արժեքի չափով։ Նրանք հնարավորություն կունենան բնակարան ձեռք բերել երկրի ցանկացած կետում։ Պաշտպանության նախարարությունից նշում են, որ նման բնակարանը տրամադրվելու է 20 տարով, իսկ այդ ժամկետի ավարտին այն կդառնա զինծառայողի սեփականությունը։

Այս փոփոխությունները, ըստ օրենսդրական նախաձեռնության հիմնավորման, միտված են բարձրացնելու զինծառայողների սոցիալական ապահովության մակարդակը և մեծացնելու զինված ուժերում ծառայելու գրավչությունը։